«Մարզման ժամանակ որոշեցինք Ռոնալդուի տուգանային հարվածների ժամանակ պատ չկազմել, քանի որ, միևնույն է, դրանից օգուտ չկա»:
«Ատլետիկոյի» հետ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի խփած գնդակները համաշխարհային ֆուտբոլում մեծ հիացմունքի արժանացան` միաժամանակ անհանգստություն առաջացնելով «Սպորտինգի» մոտ, որը Լա լիգայի շրջանակներում «արքայական» թիմի հաջորդ մրցակիցն է: Երեկ «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոստովանել է, որ իրենք նոր մարտավարություն են մշակել` կանխելու Ռոնալդուի հեռահար հարվածները, այն է`պորտուգալացու տուգանային հարվածների ժամանակ պատ չկազմելը:
«Մարզման ժամանակ որոշեցինք Ռոնալդուի տուգանային հարվածների ժամանակ պատ չկազմել, քանի որ, միևնույն է, դրանից օգուտ չկա»,-բացատրել է բասկ մարզիչը: Նա կարծում է, որ Ռոնալդուի պես ֆուտբոլիստի դեմ պատը ոչինչ չի կարող անել, այն անգամ հակառակ ազդեցություն է ունենում` փակում է դարպասապահի տեսադաշտը: Ավելի լավ է պատ չլինի, բայց դարպասապահը տեսնի, թե ինչ ուղղությամբ է ընթանում գնդակը: Այնուամենայնիվ, Կլեմենտեն նշել է, որ այս որոշումը վերջնական չէ, և ինքը դեռ պետք է խորհրդակցի թիմի դարպասապահ Խուան Պաբլոյի հետ. «Կվարվենք այնպես, ինչպես կասի դարպասապահը»:
«Ատլետիկոյի» հետ խաղում Ռոնալդուի հարվածը աչքի ընկավ իր ուժգնությամբ ու արագ ընթացքով: Գնդակը անցավ պատի վրայով ու արագ սլացավ դեպի դարպասը: Երբ «Ատլետիկոյի» դարպասապահը փորձեց արձագանքել հարվածին, գնդակն արդեն դարպասում էր: «Ռոնալդուի գոլերի բանալին հարվածի ուժգնությունն է: Նա լավ գիտի իր մկանի ուժը, այդ պատճառով ոտքը բացում է գոլերից հետո»,-նշել է մասնագետ Լուիս Գարսիան:
Կլեմենտեն, որը նույնպես չի պատրաստվում «Ռեալի» հետ խաղից առաջ խոսել լրագրողների հետ, մի քանի խոսք է ասել իրենց ընդհանուր մարտավարության մասին. «Պետք է փորձենք խանգարել նրանց ցուցադրել իրենց խաղը: «Ռեալին» հաղթելու համար պետք է անչափ մեծ աշխատանք տանենք խաղադաշտում»
|