Խոսեպ Գվարդիոլայի կարծիքով, եթե ինքը մնար, ապա վնաս կհասցներ թիմին, քանզի 4 տարի Բարսայի ղեկին անցկացնելուց հետո իր մեջ բավարար ուժ չի տեսնում մնալու համար:
--------------------------------------------------------------------------------
"Ես ազատ եմ ու լիցքավորվելու կարիք ունեմ", - հենց այս պատճառով է Գվարդիոլան որոշել հեռանալ Բարսելոնայից: 4 տարի կատալոնյան թիմի ղեկին անցկացնելուց ու 13 մրցանակ նվաճելուց հետո նա իր մեջ բավարար ուժ չի տեսնում աշխատանքը շարունակելու համար: "Բարսայի մարզչի համար 4 տարին հավերժություն է: Ժամանակի ընթացքում ամեն ինչ հոգնեցնում է և ես այժմ հոգնած եմ", - ասել է Պեպը, ով նշել է, որ "հաջորդ մարզիչը թիմին կտա բաներ, որոնք ես այլևս չեմ կարող տալ: Պահանջները շատ մեծ են և մարզիչը պետք է ուժեղ ու էներգիայով լի լինի, որպեսզի այդ էներգիայով վարակի նաև խաղացողներին: Ես պետք է վերականգնեմ իմ ուժերը, իսկ դա կարող եմ անել միայն հանգստանալով":
"Սա հնարավոր լավագույն վայրն է, սակայն ես անում եմ այն, ինչ պետք է անեմ"
Գվարդիոլայի համար հեշտ չէ հեռանալ մի ակումբից, որը համարում է իր տունը: Նա հուսով է, որ իր կապվածությունը Բարսայի հետ "ինձ չի ստիպի երկմտել իմ որոշման հարցում": Նա շեշտել է, որ "սա հնարավոր լավագույն վայրն է, սակայն ես անում եմ այն, ինչ պետք է անեմ": Նա կարծում է, որ մնալու դեպքում "վնաս կհասցնեի խաղացողներին ու ինձ: Ես նրանց հանդեպ շատ մեծ հարգանք ունեմ, որպեսզի որոշ բաներ զոհեմ զուտ այստեղ մնալու համար":
Շնորհակալ է խաղացողներին
Գվարդիոլան կրկին ցանկացել է շնորհակալություն հայտնել խաղացողներին. "Ես կարող եմ հպարտանալ, որ մարզել եմ նման խաղացողների: Նրանք ինձ թույլ տվեցին վայելել այս աշխատանքը և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց այն բանի համար, որ բազմաթիվ մարտավարություններ կյանքի կոչեցին: Չկա ավելի արժեքավոր բան, քան այն ամենը, ինչ ես տանում եմ այստեղից":
Գվարդիոլան հատուկ ուշադրություն է դարձրել Աբիդալին, ով ապրիլին վիրահատության ենթարկվեց: Նա չի մոռացել նաև Կեյտային, ում համարում է իր "աչքի լույսը: Նա իմ փրկիչն էր այստեղ":
Նա նաև շնորհակալություն է հայտնել Սանդրո Ռոսելին և ողջ ղեկավար անձնակազմին իրեն աջակցելու համար: Պեպը չի մոռացել հիշատակել Ժոան Լապորտայի անունը, ում օրոք գլխավորեց Բարսան:
Հեռանում է կատարած լավ աշխատանքով
Գվարդիոլան ասել է, որ "ես հեռանում եմ, գոհ լինելով իմ կատարած աշխատանքից: Հպարտ եմ, որ եղել եմ այստեղ: Ես ոչինչ չեմ մոռացել այն ամենից, ինչ ինձ սովորեցրել են: Ես հեռանում եմ խաղաղությամբ, ինքս իմ կամքով": Նա ֆուտբոլը կողքից դիտելու կարիք ունի և չի պատրաստվում անմիջապես որևէ թիմ գլխավորել. "Վաղ թե ուշ ես կրկին ինչ - որ թիմ կմարզեմ, բայց ես չեմ կարող լրացնել բացերը, եթե հենց այս պահին որևէ թիմ գլխավորեմ":